|
Այս սեմինարը, որը նախագծի երրորդ փուլի սկիզբն էր նախանշում, ընդգրկում էր Երևանի 6 դպրոցների շուրջ 163 աշակերտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին (43 դպրոց` 24 հոգի, 65 դպրոց` 19 հոգի, 119 դպրոց` 28 հոգի, 150 դպրոց` 28 հոգի, 159 դպրոց` 23 հոգի, 160 դպրոց` 30 հոգի, ևս 11 ներկայացուցիչներ` Երևան քաղաքի այլ դպրոցներից):
ԱԶԳԿ ԿՀ-ի նախագահ Գայանե Ղուկասյանը լսարանին ներկայացրեց սեմինարի օրակարգը և մասնակիցներին: Ողջույնի խոսքով հանդես եկան Project harmony կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Էրիկ Նանքերվիսը, և «Կրթություն առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչ Ռուզաննա Մուրադյանը: Նրանք նշեցին սեմինարի թեմայի կարևորությունն ու հրատապությունը, հույս հայտնելով, որ այն պատշաճորեն կընկալվի լսարանի կողմից և օգտակար կլինի դիմորդների համար:
Սեմինարի առաջին մասում Կրթության և գիտության նախարարության բուհերի վարչության պետ Սասուն Մելիքյանը ներկայացրեց կենտրոնացված համակարգով բուհերի ընդունելության կանոնակարգը: Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը ընդունելության կարգը պարզաբանեց Երևանի պետական համալսարանի օրինակով՝ ներկայացնելով ԵՊՀ-ում գործող ֆակուլտետները, ընդունելության հնարավորությունները: Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ընդունելության կարգը ներկայացրեց համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վլադիմիր Եղիազարյանը:
Սեմինարի երկրորդ մասում ներկայացվեցին հակակոռուպցիոն բովանդակությամբ տեսահոլովակներ և վավերագրական ֆիլմ, այնուհետև, մտքերի փոխանակման ընթացքում, ելույթ ունեցողները (բազմաթիվ աշակերտներ, ծնողներ, տնօրեններ) քննարկեցին կոռուպցիայի հետևանքները անհատի և հասարակության համար:
Քննարկումների արդյունքում մասնակիցների մեծամասնությունը հանգեց այն եզրակացության, որ հասարակության համար խիստ վտանգավոր են տարբեր ոլորտներում աշխատող, սակայն մասնագետ չհանդիսացող անձինք, որոնք իրենց կրթական և աշխատանքային ուղին անցել են՝ դիմելով կոռուպցիայի դրսևորման տարբեր ձևերին: Լսարանի աշակերտության մեծամասնությունը հանգեց այն եզրակացության, որ բուհ հնարավոր է և պետք է ընդունվել՝ ապավինելով միայն սեփական գիտելիքներին:
Սեմինարների աշխատանքներին մասնակցում էր և ելույթ ունեցավ Բաց Հասարակության Ինստիտուտի Օժանդակության Հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Անահիտ Պապիկյանը: Նա ներկայացրեց իրենց կազմակերպության աջակցությամբ Բուլղարիայի ամերիկյան համալսարանում սովորելու հնարավորությունները: Նույն կազմակերպության խորհրդատու Ջիպեգ Իսկակովան ներկայացրեց արտերկրում ուսուցանելու ընթացքում Բաց Հասարակության Ինստիտուտի կողմից մասնակի համաֆինանսավորում ստանալու հնարավորությունները: ACCELS կազմակերպության ներկայացուցիչ Հասմիկ Մինասյանը, IREX կազմակերպության ներկայացուցիչ Մակրիտա Ավջյանը ներկայացրեցին ԱՄՆ-ում սովորելու ծրագրերը:
Սեմինարի վերջում շնորհակալական խոսքով հանդես եկան ծնողներ, աշակերտներ և դպրոցի տնօրեններ՝ Հակոբ Հակոբյանը (թ.159 դպրոց), Անահիտ Դավթյանը (թ.160 դպրոց), Մանիկ Հայրապետյանը (թ.150 դպրոց), Նորիկ Խրիմյանը (թ.65 դպրոց) և այլոք:
Սեմինարին ներկա էին զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներ ԱՐ, Կենտրոն, Շանթ, Երևան, Արմենիա հեռուստաընկերություններից, Հ2-Լրաբեր և Հ2-ի «Բարի լույս, Հայաստան» ծրագրերից, Հայ ռադիոյից, և «Արևածաղիկ» ամսաթերթից: Սեմինարը լուսաբանվեց նշված լրատվամիջոցների կողմից սույն թվականի հունվարի 17, 18 և 21-ին:
|