ԱԶԳԿ կենտրոն
ԱԶԳԿ կենտրոն լոգո
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Երեւան,
Բաղրամյան պողոտա, 66, բն. 16
Հեռ., ֆաքս՝ (0374) 10 278066
Էլ. փոստ՝ azgk@web.am, secnd@web.am
ԱԶԳԿ պաշտոնական ներկայացուցիչը Գերմանիայում՝ Սուսաննա Շիրինյան
Schönwalder Str. 4 16761 Hennigsdorf, Germany, tel: (+491) 5151957858
Լեզվի դասընթացներ
Գործունեությունը
ԱԶԳԿ մասին
Հավելյալ

Ո՞րն է հանրակրթական դպրոցի նպատակը

Արդեն երկրորդ տասնամյակն է, ինչ Հայաստանը նոր հասարակարգ է կառուցում: Քանի որ կրթությունը ցանկացած հասարակության հիմքն է, բնականաբար, լուրջ փոփոխությունների է ենթարկվում նաև կրթական համակարգը: ՀՀ կրթության զարգացման 2001-2005 թթ. պետական ծրագրի շրջանակներում մասնագետների մի խումբ է աշխատում միջնակարգ կրթության պետական չափորոշիչների մշակման ուղղությամբ: Սակայն առ այսօր դեռ հստակեցված չէ, թե ինչ ենք մենք ակնկալում հանրակրթական դպրոցի շրջանավարտից: Ի՞նչ գիտելիքներն են անհրաժեշտ և պարտադիր քաղաքացի ձևավորելու համար: Ի՞նչի հիման վրա պետք է որոշվի, թե ՀԱՍՈՒՆՈՒԹՅԱՆ ատեստատ ակնկալող աշակերտին արդյոք տրվե՞լ են այդ գիտելիքները: Կասկած չկա, որ կրթական չափորոշիչները կմշակվեն, բայց քանի որ դրանք, այնուամենայնիվ, այսօր դեռ մշակված չեն, միգուցե պետք է մտածել, թե այսօր մեր կրթության ոլորտի աշխատողները և ծնողները որքանով են հոգեբանորեն պատրաստ կրթության նկատմամբ իրենց մոտեցումները փոխելուն: Այսօր ծնողներից շատերը դպրոցն ընկալում են միայն որպես բարձրագույն կրթությանը նախորդող, մի անխուսափելի և երկար փուլ: Հավանաբար, անհրաժեշտ են միջոցառումներ, որոնք կազդեն ստեղծված կարծրատիպերի վրա:

ՀՀ կրթության օրենքի համաձայն պարտադիր է միայն ութնամյա կրթությունը: Սկզբունքորեն, այն աշակերտները, որոնք ցանկանում են ստանալ միջնակարգ մասնագիտական կրթություն, ութերորդ դասարանն ավարտելուց հետո արդեն իսկ կարող են ընդունվել միջնակարգ մասնագիտական հաստատութուն, և ստանալով համապատասխան կրթություն, անցնել աշխատանքային գործունեության: Բնական է, որ որակյալ կրթություն ապահովող միջնակարգ դպրոցի շրջանավարտների մի մասը պետք է ստանա տասնամյա կրթություն, մեկ այլ մասը՝ միջին մասնագիտական և երրորդ մասն էլ շարունակի ուսումը բուհում: Իսկ եթե միջնակարգ դպրոցի շրջանավարտը ո՛չ սովորում է, ո՛չ էլ աշխատում, ապա արդեն կարելի է խորհել դպրոցում ստացած գիտելիքների որակի մասին: Սակայն, մեր երկրում միջնակարգ դպրոցների տնօրեններն իրենց դպրոցների նվաճումները ներկայացնելիս խոսում են միայն բուհ ընդունված շրջանավարտների քանակի մասին: Իսկ որքանո՞վ է բուհ ընդունվածների թիվը որոշում տվյալ դպրոցի որակը: Մի՞գուցե այստեղ որոշիչ են դասուսույցներն (ռեպետիտորները) ու կոռուպցիան: Ինչպե՞ս է գնահատվում, թե ի՞նչ մակարդակով է լուծել դպրոցը` քաղաքացի դաստիարակելու իր խնդիրը: Դիտարկենք դասուսույցների հարցը:

Դասուսույցների ինստիտուտի սկիզբը դրվել է դեռ խորհրդային ժամանակշրջանում, (սկսած 1970-ականներից): Քանի որ Խորհրդային հասարակարգում, որտեղ բացակայում էր գործազրկությունը, հասարակությունը առաջնությունը տալիս էր ոչ թե գիտելիքին, այլ դիպլոմին, դրան էլ գումարվում էր բանակից ազատվելու հարցը, ապա մրցույթները բուհերում խիստ մեծ էին: Մեծ մրցույթը նվազեցնելու նպատակով դիմորդին ներկայացվում էին շատ բարձր պահանջներ, որոնք դուրս էին գալիս դպրոցական ծրագրի շրջանակներից, ինչը և բերեց ինչպես դասուսույցների ինստիտուտի ձեւավորմանը, այնպես և կոռուպցիայի ծաղկմանը: Վիճակն առավել լուրջ էր Հայաստանում, որտեղ բուհի դիպլոմ ստանալու ձգտումը հատկապես մեծ էր: Այդ մասին վկայում է այն փաստը, որ Հայաստանը Խորհրդային Միությունում առաջին տեղն էր զբաղեցնում բնակչության մեկ անձին ընկնող բարձրագույն կրթություն ստացած մարդկանց թվով: Հավանաբար, այդ պատճառով էլ Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը նորանկախ պետություններից առաջինն էր, որը 1991-ին փոխեց բուհերի ընդունելության քննությունների կարգը և որդեգրեց նոր՝ կենտրոնացված քննությունների համակարգը: Բացի այդ, Հայաստանում, ինչպես և մնացած հանրապետություններում, սկսեցին բացվել ոչ պետական բուհեր:

Վերադառնալով դպրոցների շրջանավարտների նպատակներին, նշենք, որ բուհ ընդունվելու ցանկությունը շարունակում է գերակշռող մնալ նրանց շրջանում: Մեր կազմակերպության կողմից հանրապետության հինգ դպրոցներում անցկացված սոցիոլոգիական հարցումը ցույց տվեց, որ հարցվածների 77,4 տոկոսը ցանկանում էր ուսումը շարունակել բուհում:

Բարձրագույն կրթություն ստանալու համատարած ցանկությունը անշուշտ ուրախալի և ողջունելի է ու պետք է խթանի հասարակության զարգացումը: Սակայն, երկրում համատարած գործազրկություն է, իսկ երբ զրուցում ես գործատուների հետ, պարզվում է, որ նրանք որակյալ կադրերի մեծ պահանջարկ ունեն: Հետևաբար, կրթական հաստատությունները չեն ապահովում շուկայի պահանջարկին համապատասխան կրթություն: Այդուհանդերձ, հարցվողների 73,2 տոկոսը ցանկանում էր ուսումը շարունակել պետական բուհերում, եւ ընդամենը` 4,2 տոկոսը ոչ պետական բուհերում: Ի դեպ, հարցումն անց էր կացվել ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական միջնակարգ դպրոցներում: Ստացվում է, որ և ՛ պետական, և ՛ ոչ պետական դպրոցների շրջանավարտների մոտ գերակշռում է պետական բուհ ընդունվելու նպատակը: Այսինքն, բարձրագույն կրթության ոլորտում մասնավոր սեկտորի առաջարկը չի գայթակղում միջնակարգ դպրոցի շրջանավարտներին: Ի՞նչն է պատճառը.

  • Առաջարկի ծավա՞լը: Այսօր ոչ պետական բուհերի թիվը հասել է 72-ի, ու 4,5 անգամ գերազանցում է պետական բուհերի քանակը:
  • Բանակում ծառայելու տարկետման իրավու՞նքը: Նախ, հարցվածների 50,4 տոկոսը աղջիկներ էին, բացի այդ, պետական բուհերում էլ կան առանց տարկետման հնարավորության տեղեր:
  • Պետական նմուշի դիպլո՞մը: Հայաստանում գործում է 16 պետական բուհ, իսկ ոչ պետական բուհերից արդեն 29-ը պետական հավատարմագրում են ստացել որոշակի մասնագիտությունների գծով:
  • Առաջարկված մասնագիտությունների ցա՞նկը: Հիմնականում դրանք մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններ են, օրինակ՝ տնտեսագիտություն, իրավաբանություն, օտար լեզուներ և բժշկական մասնագիտություններ:
  • Ապագայում օտարերկրյա բուհերում ուսումը շարունակելու հնարավորությու՞նը: Օտարերկրյա բուհերը, այդ թվում և Հայաստանի Ամերիկյան համալսարանը, բաց են ցանկացած բուհ ավարտածի համար:
  • Առաջարկված կրթության որա՞կը: Եթե մոտենանք հարցին իրավաբանական տեսակետից, ապա կփաստենք, որ պետությունն ընդունել է այն 29 բուհերի որակը, որոնք անցել են պետական հավատագրման փուլը: Սակայն, եթե գնահատենք ստացած կրթությունն իր պիտանիության տեսակետից, այսինքն, գնահատենք կրթության որակը, հաշվի առնելով, թե տվյալ բուհի շրջանավարտներից քանի՞սն է ավարտելուց հետո աշխատանք գտել և որքա՞ն աշխատավարձ են ստանում, կտեսնենք, որ պետական բուհերն էլ առանձնապես չեն բավարարում շուկայի պահանջները:

Հավանաբար, մեր շրջանավարտներին և նրանց ծնողներին գրավում է այն փաստը, որ պետական բուհերը անվճար կրթության հնարավորություն են տալիս: Անկասկած որոշակի դեր են խաղում պետական բուհերի բազում տարիների փորձն ու հեղինակությունը: Արդյունքում, ստացվում է, որ 4 տոկոսն էր ցանկանում սովորել ոչ պետական բուհում, բայց իրականում պետական բուհերի ուսանողների թիվը մոտավորապես երկու անգամ է գերազանցում ոչ պետական բուհերի ուսանողների թիվը: Ուրեմն, ուսանողները դիմում են ոչ պետական բուհեր պետականներում ձախողվելուց հետո, պետական բուհ ընդունվելու հույսը կորցնելուց հետո, այսինքն` ճարահատյալ: Հետևաբար, մեր հասարակության մեջ դեռ գոյատևում է բարձրագույն կրթության դիպլոմի ֆետիշացման երևույթը: Բարձրագույն կրթության դիպլոմ ստանալու ցանկությունը դառնում է շատերի համար ինքնանպատակ: Այս երևույթը խիստ բացասական է անդրադառնում թե՛ կրթական համակարգի, թե՛ հասարակության զարգացման վրա: Այս երևույթի դեմ պետք է պայքարի միջնակարգ դպրոցը:

Փաստացի, մեր դպրոցի միակ նպատակն այն է, որ իր շրջանավարտը բուհ ընդունվի, սակայն դա էլ չի կարողանում ապահովել առանց դասուսույցների մասնակցության: Քանի որ 73,2 տոկոսը ցանկանում է պետական բուհ ընդունվել, բնականաբար, պետական բուհերում մրցույթը մեծ է լինում, և գործի է դրվում դասուսույցների ինստիտուտը: Հարցվածների 45,2 տոկոսը նշել էր, որ բուհ ընդունվելու նպատակով լրացուցիչ պարապում է դասուսույցի հետ, իսկ 17,1 տոկոսը նշել էր, որ դասուսույցի հետ չի պարապում ֆինանսական հնարավորություն չունենալու պատճառով: Հարցվողների միայն մեկ երրորդ մասն էր վստահ էր իր ուժերի վրա, այսինքն հույսը դրել էր դպրոցում ստացած գիտելիքների վրա: Երբ ընդունելության քննությունների փուլն անցնելուց հետո այդ դպրոցների շրջանավարտները կրկնակի հարցման ենթարկվեցին, պարզվեց, որ երկրորդ անգամ հարցվածների մոտավորապես 60%-ը լրացուցիչ պարապել էր դասուսույցների մոտ: Նրանցից բուհ էին ընդունվել 88,1տոկոսը: Միայն դպրոցում ստացած գիտելիքներին և սեփական ուժերին ապավինած դիմորդներից ընդունվել են ընդամենը 49,4 տոկոսը: Փաստորեն, հարցվածների մեկ երրորդն էր վստահ իր գիտելիքների վրա, և ընդունվել էր այդ խմբի աշակերտների մոտավորապես կեսը: Թիվը մեծ չէ, բայց դրական է և ապացուցում է, որ դպրոցն ինչ-որ տեղ կարողանում է տալ բուհերի պահանջներին համապատասխան գիտելիքներ: Այնուամենայնիվ, ընդհանուր պատկերն այն է, որ դպրոցի միակ նպատակն է, որ իր շրջանավարտը բուհ ընդունվի, բայց դա էլ դպրոցը չի կարողանում ապահովել առանց դասուսույցների մասնակցության:

Երբ դիտարկեցինք շրջանավարտների պատասխանները □Ինչպիսի՞ն է Ձեր առաջադիմությունը□ հարցին, ապա պարզվեց, որ պատասխանները բաշխվել են հետեւյալ կերպ. գերազանց` 20,8տոկոսը, լավ` 49,7տոկոսը, բավարար` 25,4 տոկոսը և անբավարար` 1,1տոկոսը: Սակայն, հարցվածների միայն 7,1 տոկոսն էր ցանկացել ստանալ միջնակարգ մասնագիտական կրթություն, իսկ 1,6 տոկոսը որոշել էր ընդունվել աշխատանքի: Արդյունքում, շուկան մեծ դժվարությամբ է ընդունում միջնակարգ դպրոցի շրջանավարտին: Ուրեմն, խիստ անհրաժեշտ է մի նոր մեխանիզմ, որը կապահովի լիարժեք միջնակարգ և միջնակարգ մասնագիտական կրթությամբ մարդկանց հոսքը շուկա: Դպրոցի որակը պետք է որոշվի ոչ միայն նրանով, թե քանի՞ շրջանավարտ է բուհ ընդունվել, այլև նրանով, թե ինչո՞վ են զբաղված բուհ չընդունված շրջանավարտները:

Հավանաբար, դպրոցի դերը կարևորելու և հոսքը դեպի բուհերը կարգավորելու նպատակով կարելի է բուհ ընդունելիս որոշիչ դեր տալ դպրոցական ատեստատի միջին գնահատականին: Ամերիկայի Միացյալ Նահանգներում դպրոցի միջին գնահատականը հիմնական չափանիշն է բուհ ընդունվելու համար: Համալսարաններն իրենց հայտարարությունների մեջ գրում են, որ կընդունեն այն դիմորդների փաստաթղթերը, որոնց դպրոցական միջին գնահատականը բարձր է որոշակի նիշից, օրինակ 4-ից: Եթե դիմորդը երազում է ընդունվել այդ համալսարան, ապա երազը իրականացնելու համար նա ունի մեկ ուղի՝ ընդունվել համայնքային քոլեջ, որն ինչ որ տեղ համազոր է մեր միջնակարգ մասնագիտական հաստատությանը, քոլեջում սովորելու ընթացքում բարձրացնել միջին գնահատականը և հետո նորից փորձել ընդունվել համալսարան, հիմնվելով արդեն քոլեջի միջին գնահատականի վրա:
Առաջին հայացքից, այս համակարգը դաժան է թվում, բայց իրեն արդարացնում է: Քննարկենք այս մոտեցման հավանական դրական ազդեցությունը մեր կրթական համակարգի վրա:

  • Եթե մենք կիրառենք այս մոտեցումը, ապա մեր ծնողներից շատերը ստիպված կլինեն դպրոցական բոլոր տարիների ընթացքում ուշադիր լինել իրենց երեխաների կրթության նկատմամբ և հույս չդնել ավարտական դասարանում դասուսույց վարձելու վրա:
  • Ավարտական դասարանում աշակերտը չի կենտրոնանա միայն բուհ ընդունվելու համար անհրաժեշտ ԵՐԵՔ առարկաների վրա և անուշադրության չի մատնի մնացած առարկաները, որոնք անհրաժեշտ են ՀԱՍՈՒՆՈՒԹՅԱՆ ատեստատ ստանալու համար:
  • Բուհերը կընդունեն ոչ թե 10 ամսում վարժեցված, այլ հիմնարար գիտելիքներ ունեցող դիմորդի:
  • Կզարգանան միջին մասնագիտական հաստատությունները, և շուկան կհամալրեն համապատասխան մասնագետներով:

Անկասկած, ընդդիմախոսները կպնդեն, որ այս մոտեցումը ընդունելության քննությունների ժամանակ տեղ գտած կոռուպցիան պարզապես կտեղափոխի դպրոց և ավելի կվատացնի վիճակը: Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ կոռուպցիան արդեն տեղ է գտել դպրոցում: □Ի՞նչ եք կարծում Ձեր դպրոցում կոռուպցիա կա՞□ հարցին աշակերտների 14 տոկոսը և նրանց ծնողների 18 տոկոսը պատասխանել են □Այո□, և, համապատասխանաբար, աշակերտների 32 տոկոսը ու ծնողների 27 տոկոսը նշել են «Դժվարանում եմ պատասխանել»: Հետևաբար, կոռուպցիայի դեմ արդեն իսկ պետք է շատ ակտիվ պայքարել, և կոռուպցիայից վախենալը չպետք է խոչընդոտի համակարգի ռացիոնալ զարգացմանը:

Կյանքի թելադրանքով հանրակրթական դպրոց են մուտք գործել քաղաքացի ձևավորելու համար այնպիսի կարևոր առարկաներ, ինչպիսիք են` «Քաղաքացիական կրթություն», «Կյանքի հմտություններ», «Տնտեսագիտություն» և այլն: Անկասկած, պետք է շարունակել մշակել և կատարելագործել դպրոցական ծրագիրը, հատկապես՝ ավագ դպրոցի ծրագիրը, սակայն, եթե աշակերտները չհաճախեն դասերին և նպատակ ունենան միայն երեք առարկա սովորելու, ծրագրերի կատարելագործումը որոշակի արդյունքի չի բերի: Ցավոք սրտի, քանի որ բուհի դիմորդ վարժեցնելու նպատակը ակնհայտորեն գերակշռում է մեր դպրոցներում, ապա հանրակրթական դպրոցի զարգացումը խթանելու մեխանիզմներ մշակելիս մասնագետները շարունակում են հիմնվել այս նպատակի վրա: Դրա վառ օրինակն է էլիտար վարժարանների ստեղծումը, որոնց շրջանավարտները իրավունք ունեն որոշ պետական բուհեր ընդունվել հարցազրույցով: Ստացվում է, որ դիմորդ վարժեցնելը այս վարժարանների նպատակն է արդեն ոչ թե de facto, այլ de jure: Իսկ մնացած հանրակրթական դպրոցներում de facto իրավիճակը հետևյալն է. շրջանավարտների նպատակը բուհ ընդունվելն է, սակայն դպրոցը հիմնականում չի կարողանում ապահովել այդ նպատակին հասնելու համար համապատասխան գիտելիքներ: Արդյունքում՝

  • տեղի է ունենում աշխատանքի սխալ բաժանում կրթության ոլորտում, որովհետև բուհերի դասախոսները, հանդես գալով դասուսույցի դերում, փաստորեն, կատարում են դպրոցի ուսուցչի աշխատանքը, ինչը մեծ շքեղություն է աղքատ երկրի համար,
  • դպրոցում զարգանում է ստվերային ուսուցումը, երբ դասուսույցի դերը կատարում է դպրոցի ուսուցիչը համապատասխան վճարով,
  • շուկան չի համալրվում միջնակարգ և միջնակարգ մասնագիտական կրթությամբ որակյալ կադրերով,
  • դպրոցի շրջանավարտի համար աշխատանք գտնելը շատ բարդ խնդիր է,
  • նորմալ չեն զարգանում ոչ պետական բուհերը, քանի որ ստիպված են ընդունել պետական բուհերի մրցույթից դուրս մնացած թույլ դիմորդներին,
  • երկրում պարտադիր է ութնամյա հիմնական կրթությունը, իշխում է բարձրագույն կրթություն ստանալու համատարած ցանկությունը, բայց առկա է գործազրկությունը:

Հետևաբար, անհրաժեշտ է վերանայել մեր միջնակարգ կրթության նպատակը և, ըստ այդմ, որակը: Դպրոցի որակը որոշելիս պետք է դիտարկվի ոչ միայն բուհ ընդունված շրջանավարտների թիվը, այլ նաև գործազուրկ և ուսումնական որևէ գործնթացում չընդգրկված շրջանավարտների թիվը: Կարծում ենք, այս գաղափարը հաշվի կառնվի ինչպես միջնակարգ կրթության չափորոշիչները որոշելիս, այնպես եւ բուհերի ընդունելության նոր համակարգ մշակելիս:

Դպրոցից պետք է դուրս գան լիարժեք, բազմակողմանի զարգացած, կյանքին պատրաստ եւ հասարակությանը պիտանի քաղաքացիներ:

Գայանե Ղուկասյան կենսաբանական գիտությունների թեկնածու,
    կրթության կառավարման մագիստրոս,
   «Ազգային զարգացման գիտակրթական կենտրոն» ՀԿ նախագահ


© ԱԶԳԿ 2004 - 2015