ԱԶԳԿ գործունեությունը :: Իրականացրած ծրագրեր
Ամառային դպրոց
«Բնության և շրջակա միջավայրի պահպանություն»
թեմայով
դոնոր - ԲՀԻՕՀ Հայաստանյան մասնաճյուղ (OSIAF-Armenia)
ժամկետ - 2004թ, մարտի 1 - 2004թ, հուլիսի 30
2004թ. մարտի 1-ից մինչև հուլիսի 30-ը ԱԶԳԿ կենտրոնը կազմակերպեց և իրականացրեց ամառային դպրոց «Բնության և շրջակա միջավայրի պահպանություն» թեմայով: Դասընթացի նպատակն էր բարձրացնել երիտասարդ մասնագետների պրոֆեսիոնալ հմտությունները բնապահպանության և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում:
Ամառային դպրոցի բոլոր մասնակիցները ընտրվել են մրցութային կարգով: Հայտարարություններ էին ուղարկվել Բելոռուսի, Նովոսիբիրսկի, Տաշքենդի, Սանկտ-Պետերբուրգի, ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի այլ համալսարաններ: Հայտարարությունը ուղարկվել է նաև ՀՀ Կրթության և գիտության, Բնապահպանության նախարարություններ, Կրթության ազգային ինստիտուտ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա:
Արդյունքում ստացվեցին 73 դիմում-հայտեր 9 երկրներից: Փորձագետների կոմիտեն ընտրեց 25 մասնակից` 13-ը Երևանից, 7-ը՝ Հայաստանի մարզերից և 5-ը՝ արտերկրից:
Դասախոսություններ կարդալու համար Կենտրոնական Եվրոպական համալսարանից հրավիրվեցին պրոֆեսորներ Ռուբեն Մնացականյանը և Էդուարդ Բելինջերը:
Այս դասախոսների ուղարկած նյութերը բազմացվեցին և "Reader"-ի տեսքով բաժանվեցին մասնակիցներին` ամառային դպրոցին նախապատրաստվելու համար:
Դասախոսությունները տեղի ունեցան Երևանի պետական համալսարանի Վարդգես և Ռիթա Պալեանների անվան գիտաժողովների դահլիճում, որը սարքավորված է համընթաց թարգմանություններ կատարելու համար:
Բացման արարողությանը մասնակցել և մասնակիցներին ողջույնի խոսք են հղել ԱԶԳԿ-ի նախագահ Գայանե Ղուկասյանը, ԵՊՀ ռեկտոր, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ԲՀԻՕՀ Հայաստանյան մասնաճյուղի տնօրենի տեղակալ Դավիթ Ամիրյանը, պրոֆեսոր Էդուարդ Բելինջերը (Կենտրոնական եվրոպական համալսարան) և ուրիշներ:
Բացման արարողությունը և ամառային դպրոցի հետագա աշխատանքը լուսաբանվեց ռադիոյի և հեռուստատեսային բազմաթիվ ալիքների, լրատվամիջոցների կողմից:
Հիմնական դասախոսությունները կարդացին Կենտրոնական եվրոպական համալսարանի (Հունգարիա) պրոֆեսորներ Էդուարդ Բելինջերը և Ռուբեն Մնացականյանը:
Հունիսի 30-ին կազմակերպվեց այցելություն բնապահպանության նոոսֆերիկ և մոնիտորինգային հետազոտական կենտրոն: Այստեղ ներկայացվեց դասախոսություն բնապահպանության մոնիտորինգի ժամանակակից մեթոդների վերաբերյալ: Մանրամասն ներկայացվեցին նաև նորագույն սարքավորումները:
Հուլիսի 3-ին ամառային դպրոցի մասնակիցները այցելեցին Ստեփանավանի դենդրարիումը: Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ տկն. Ս. Մինասյանը դասախոսություն կարդաց «Հայաստանի դենդրարիումների կառավարման հիմնական սկզբունքները» թեմայով:
Հուլիսի 5-ին մասնակիցները այցելեցին Սևանի ազգային պարկ և Սևանի բնության և ազգագրության թանգարան: Սևանի թերակղզու վրա ամառային դպրոցի դասախոսներից մեկը` Մ. Վարդանյանը, պատմեց այն կոնկրետ միջոցների մասին, որոնք ձեռնարկվել են Սևանա լճի բնապահպանական իրավիճակը բարելավելու համար:
|