Ծրագրի նպատակը - իրազեկել ՀՀ բուհերի դիմորդներին ընդունելության քննությունների ժամանակ տեղի ունեցող կոռուպցիայի հետևանքների մասին: Նպատակին հասնելու համար կազմակերպվեցին սեմինար պարապմունքներ, որոնց ընթացքում բացատրվեցին դիմորդների իրավունքները և ընդունելության քննությունների ժամանակ տեղի ունեցող կոռուպցիայի հետևանքները:
7 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության 11 մարզերում՝ Երևանում, Շիրակում (Ախուրյան), Լոռիում (Վանաձոր), Կոտայքում (Աբովյան), Տավուշում (Դիլիջան), Վայոց Ձորում (Աղավնաձոր), Արմավիրում (Արմավիր), Արարատում (Սուրենավան), Սյունիքում (Սիսիան), Արագածոտնում (Օշական), Գեղարքունիքում (Գավառ) 9-րդ և 10-րդ դասարանցիների, նրանց ծնողների համար անցկացվել են սեմինար-պարապմունքներ
(տե՛ս սեմինարների աշխարհագրությունը), որոնց ընթացքում մասնակիցները ստացան սպառիչ պատասխաններ ինչպես ՀՀ, այնպես և միջազգային բուհական համակարգի, մասնավորապես՝ բուհերի ընդունելությունների հետ առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ: Անցկացվել են նաև ինտերակտիվ պարապմունքներ, որոնց ընթացքում մասնակիցներն ազատ քննարկումների միջոցով վերլուծել են և իրենց համար բացահայտել անարդար ճանապարհով բուհ ընդունվելու հնարավոր բացասական հետևանքները, ինչպես իրենց, այնպես էլ հասարակության համար: Սեմինարի ընթացքում ցուցադրվել են կոռուպցիայի դեմ ուղղված տեսահոլովակներ և վավերագրական կինոնկար, ինչը խթանել է ինտերակտիվ քննարկումները:
Բուհերի ընդունելության կանոնակարգի և հակակոռուպցիոն միջոցառումների մասին հանրապետության դպրոցների ավարտական դասարանների աշակերտների, նրանց ծնողների և ուսուցիչների տեղեկացվածությանը նպաստում էր կազմակերպության վեբ հանգույցը, որի այցելուները հանգույցի էջերում օգտակար ինֆորմացիա կարող էին գտնել տարբեր բուհերի մասին, ինչպես նաև ընդունելության քննությունների կանոնակարգի վերաբերյալ իրենց հարցերը ուղղել համապատասխան մասնագետներին:
Ծրագրի վերջում կազմակերպվել է հեռուստահաղորդում (talk show) հանրային հեռուստատեսությամբ:
Ծրագիրը հանդիսացել է ՀԿ-ի կողմից հաջողությամբ իրականացված նախորդ պիլոտային ծրագրերի՝ «Հայաստանում բուհերի ընդունելության քննությունների ժամանակ տեղի ունեցող կոռուպցիայի հետևանքների մասին բնակչության տեղեկացվածության բարձրացում» և «Հայաստանի բուհերի դիմորդների շահերի պաշտպանությունը ընդունելության քննությունների ժամանակ տեղի ունեցող կոռուպցիայի հետևանքների մասին բնակչության տեղեկացվածության բարձրացման միջոցով» շարունակությունը և հիմնվել է վերջիններիս ընթացքում իրականացված լայնածավալ սոցիոլոգիական հարցումների արդյունքների վրա:
Սեմինարների արդյունավետությունը ստուգվել է հարցումների և նամակների միջոցով: Ծրագրի ամփոփման ժամկետը 8 ամիս էր: Ծրագրի արդյուքների մշակումը հնարավորություն կտար առաջարկություններով հանդես գալու 2005թ. ընդունելության քննությունների բարեփոխումների մշակման ժամանակ: Ծրագրի վերջնանպատակն էր նպաստել բուհերի ընդունելության կարգի բարելավմանը՝ ի շահ դիմորդի: