ԱԶԳԿ գործունեությունը :: Իրականացրած ծրագրեր
Ամառային դպրոց
«Կրթության կառավարումը Բոլոնիայի գործընթացի շրջանակներում»
թեմայով
դոնոր - ԲՀԻՕՀ Հայաստանյան մասնաճյուղ (OSIAF-Armenia)
իրականացվել է - 2006թ., մարտի 1 - 2006թ., հուլիսի 30
դասընթացը կազմակերպվել է - 2006թ., հուլիսի 3 - 2006թ., հուլիսի 14
2006թ. մարտի 1-ից մինչև հուլիսի 30-ը ԱԶԳԿ կենտրոնը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ հաջողությամբ իրականացրեց ևս մեկ ծրագիր՝ ամառային դպրոց «Կրթության կառավարումը Բոլոնիայի գործընթացի շրջանակներում» թեմայով:
Դասընթացի նպատակն էր բարձրացնել բուհերի ադմինիստրատորների մասնագիտական մակարդակը կրթության կառավարման ոլորտում, նպաստել կրթության բարեփոխումներին Հայաստանում: Բոլոնիայի գործընթացին Հայաստանի միանալու հետ կապված` երկրում սկսվել է բարձրագույն կրթության ոլորտում արմատական ռեֆորմների գործընթացը: Բնական է, որ այդ փոփոխություններին համահունչ պետք է նորացվեն նաև բարձրագույն կրթության կառավարման մեթոդները:
Դասընթացին մասնակցեցին 30 ունկնդիրներ, որոնցից 5-ը՝ արտասահմանից` Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, 4-ը՝ Հայաստանի մարզերի պետական բուհերից, 21-ը` Երևանի պետական և ոչ պետական հավատարմագրված բուհերից (տե՛ս մասնակիցների ցուցակը): Որպես դասավանդողներ հրավիրվել էին պրոֆեսոր Անդրեյս Ռաուհվարգերսը (Եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթությանը վերաբերող որակավորումների ճանաչման մասին Լիսաբոնի կոնվենցիայի կոմիտեի նախագահ, Եվրախրոհրդի բարձրագույն կրթության և հետազոտությունների կոմիտեի անդամ, Բոլոնիայի ծրագրի իրականացման խմբի անդամ, 2005-2007թթ. Բոլոնիայի գործընթացի գնահատման աշխատանքային խմբի ղեկավար) և պրոֆեսոր Տատյանա Կոկեն (Լատվիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում գործող «Կրթություն բոլորի համար» Ազգային ֆորումի գործադիր տնօրեն, Լատվիայի պետական համալսարանի մանկավարժության և հոգեբանության ինստիտուտի տնօրեն), որոնք իրենց գործուն մասնակցությունն ունեին Բոլոնիայի գործընթացով զբաղվող եվրոպական կառույցների աշխատանքներում: Մեկական դասախոսություն կարդալու համար հրավիրվել էին նաև Ա. Գրիգորյանը ԵՊՀ-ից և Ա. Բուդաղյանը ԵՊՃՀ-ից: Նախքան դասընթացը դպրոցին նախապատրաստվելու նպատակով մասնակիցներին բաժանվեց "Reader"` կազմված դասախոսների ուղարկած նյութերից:
Դասընթացի բացման արարողությունը անցկացվեց 2006թ.-ի հուլիս 3-ին Երևանի պետական համալսարանում՝ Վարդգէս և Ռիթա Պալեանների անվան դահլիճում,: Բացման արարողությանը հրավիրված էին ներկայացուցիչներ ԲՀԻՕՀ Հայաստանյան մասնաճյուղից, ՀՀ ազգային ժողովից, ՀՀ գիտությունների ակադեմիայից, նախարարություններից, համալսարաններից, միջազգային և հասարակական կազմակերպություններից: Ամառային դպրոցը բացեց ԱԶԳԿ նախագահ Գայանե Ղուկասյանը: Այնուհետև մասնակիցներին ողջունեցին ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարար պրն Լ. Մկրտչյանը, ԲՀԻՕՀ Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Լ. Մինասյանը և Լատվիայի համալսարանի պրոֆեսոր Տատյանա Կոկեն:
Դասընթացը տեղի ունեցավ 2006թ.-ի հուլիս 3-ից մինչև հուլիսի 14-ը, Երևանի պետական համալսարանի Վարդգէս և Ռիթա Պալեանների անվան դահլիճում, որը կահավորված է համապատասխան սարքավորումներով` համընթաց թարգմանություն ապահովելու համար: Ծրագրի շրջանակներում կատարվեցին այցելություններ համալսարաններ, որոնց կրթական համակարգը տարբերվում էր ավանդականից: Հուլիսի 8-ին մասնակիցները այցելեցին Ռուս-հայկական սլավոնական համալսարան և Պետական ճարտարագիտական համալսարան: Սլավոնական համալսարանում կրթական ծրագրերի զարգացման գծով պրոռեկտոր Սամվել Մխիթարյանը ներկայացրեց այն նորամուծությունները, որոնք համալսարանը ծրագրում էր իրականացնել Բոլոնիայի գործընթացի շրջանակներում: Պետական ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր Արմեն Բուդաղյանը պատմեց համալսարանի ձեռքբերումների մասին կրեդիտային համակարգի ներդրման ոլորտում: Ունկնդիրներին ներկայացվեց նաև համալսարանի նոր թվայնացված գրադարանը: Հուլիսի 13-ին կազմակերպվեց այցելություն Հայաստանի Ամերիկյան համալսարան, Հայաստանի Ֆրանսիական համալսարան և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիա: Ամերիկյան համալսարանից պրն Բուռնազյանը, Ֆրանսիական համալսարանից պրն Պոլ Ռուսսեն և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայից պրն Բիչախչյանը ներկայացրեցին իրենց համալսարանների առանձնահատկությունները:
Հիմնական դասախոսությունները կարդացին պրոֆեսորներ Տատյանա Կոկեն (20 ակադեմիական ժամ) և Անդրեյս Ռաուհվարգերսը (20 ակադեմիական ժամ): Հայաստանում Բոլոնիայի գործընթացի իրավիճակը ներկայացրեցին Երևանի պետական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը և Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոռեկտորի տեղակալ Արմեն Բուդաղյանը:
Դասընթացի ավարտից հետո կազմակերպվեց Հայաստանի բուհերի ռեկտորների կլոր սեղան, որը վարում էր 2005-2007թթ. Բոլոնիայի գործընթացի գնահատման աշխատանքային խմբի ղեկավար Անդրեյս Ռաուհվարգերսը:
|